Մեր մասին
ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի կենսաինֆորմատիկայի խումբը ստեղծվել է 2000թ.-ին ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արամ Արտաշեսի Շահինյանի կողմից և համարվում է համակարգչային ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության առաջատար գիտական օջախներից մեկը Հայաստանում: Խմբում ընդգրկված են 7 աշխատողներ, այդ թվում՝ երկու գիտությունների դոկտոր և 5 գիտությունների թեկնածուներ: 2000թ.-ից առ այսօր խմբի շրջանակներում պատրաստվել են 1 դոկտորական, 5 թեկնածուական, 19 դիպլոմային և մագիստրոսական թեզեր: Խմբի գիտական ղեկավարումը իրականացնում էր ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆ. Արամ Արտաշեսի Շահինյանը: Այժմ, խմբի գիտական ղեկավարն է ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր, դոցենտ Արմեն Համլետի Պողոսյանը:
Խմբի գիտական գործունեության հիմնական ուղղություններն են.
- Կենսաթաղանթների համակարգչային մոդելավորում և ուսումնասիրություններ Մոլեկուլային Դինամիկայի (ՄԴ) մեթոդով.
- Բարդ, մոլեկուլային համակարգերի, այդ թվում՝ մակերեսային ակտիվ նյութերի և պոլիմերների լուծույթների համակարգչային մոդելավորում և ՄԴ ուսումնասիրություններ:
- Մասնագիտացված ծրագրային փաթեթների մշակում
Խմբի աշխատանքների ֆինանսավորվումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներից, ինչպես նաև, մի շարք դրամաշնորհային ծրագրերի (ազգային և միջազգային) միջոցով: 2000թվ.-ից սկսած գիտական խումբը մասնակցել է այդպիսի 9 ծրագրերի, այդ թվում.
- Միջազգային գիտատեխնիկական կենտրոն-ի – ՄԳՏԿ – 3 ծրագրի
- ԻՆՏԱՍ-ի – 1 ծրագրի
- ANSEF-ի – 1 ծրագրի
- HP SEE-ի – 1 ծրագրի,
- ICTP Federation Scheme – 1 ծրագրի
- ՀՀ Գիտության Պետական Կոմիտե – 2 ծրագրի
2007թվ.-ին խմբի աշխատակիցներից երկուսը (Ա.Շահինյան և Ա.Պողոսյան) «Բնական գիտությունների զարգացման բնագավառում ներդրած ավանդի համար» արժանացել են Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի:
Խմբի աշխատողները ակտիվորեն մասնակցում են Միջազգային տարբեր գիտաժողովների և սեմինարների, ուր նրանց կողմից ներկայացվել են ավելի քան 30 զեկուցումներ: Խմբի գիտական գործունեության արդյունքները արտացոլված են միջազգային մի շարք հեղինակավոր ամսագրերում տպագրված հոդվածներում, ինչպես նաև գրքերում: Մասնավորապես, 2011թվ. լույս է տեսել “Համակարգչային կենսաբանություն և կենսաինֆորմատիկա. Մաս Ա Մոլեկուլային դինամիկա և մոդելավորում” ձեռնարկը (հեղինակներ՝ Ա.Պողոսյան և Ա.Շահինյան), որը կարող է օգտակար լինել համակարգչային ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության բնագավառների գիտաշխատողների համար:
Խմբի գործընկերների մասին տեղեկատվություն կարելի է ստանալ այստեղ:
Շնորհակալություն մեր կայք այցելելու համար: